Գոլանի բարձունքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով առնվազն 8 սիրիացի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում են տեղի իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստները՝ փոխանցում է Associated Press-ը:
Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկներով լցված երկու ավտոմեքենաներ պայթել են Կունեյթրա քաղաքում: Պայթյունները որոտացել են սիրիական հետախուզական ծառայության շենքի մոտ: Կան տուժածներ:
Պայթյունների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:
«Իսրայելական ռադիոն» հաղորդում է, որ Իսրայելին սահմանակից Սասա գյուղում (Գոլանի բարձունք) ռազմաբազայի վրա իրականացված գրոհի ընթացքում զոհվել է 200 զինվորական: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը:
Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունները:









































