Սյունիքի արոտները Իրանի Արևելյան Ադրբեջանի գավառին վարձակալությամբ տալու մասին կնքված պայմանագրի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տալիս են միայն իրանական աղբյուրները, իսկ հայկական կողմը լռում է: Մինչդեռ իրանական աղբյուրների համաձայն՝ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրանցիներին վարձով տալ 50 հազար հեկտար առաջնակարգ արոտներ՝ մոտ 50 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն արածեցնելու համար: Փոխարենը Իրանը Սյունիքի մարզին տրամադրելու է գյուղտեխնիկա: Երկրորդ փուլով նախատեսվում է անասունների գլխաքանակն ավելացնել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը հայտնեց, որ դա շատ լուրջ նախագիծ է, որի մասին բնապահպանական փորձաքննություն պետք է լիներ, բայց բնապահպանության կայքում նույնիսկ տեղեկատվություն չկա ծրագրի մասին: Ըստ նրա՝ առանց այդ էլ մենք ունենք շատ լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև այստեղ անվտանգության և մի շարք այլ հարցեր են առաջանում: Ադամյանի խոսքով՝ արածեցնողները ոչ թե իրանցիներ են լինելու, այլ նախկինում Հայաստանում ապրած ադրբեջանցիներ, որոնց նպատակն է վերադառնալ մեր երկիր:
«Առանց այդ էլ շատ քիչ արոտ ունենք, հիմա տեղի բնակչությունը չի կարողանալու այնտեղ իրենց անասունները արածեցնել: Գյուղատնտեսության նախարարությունը ժամանակին այնտեղ սահմանափակել էր արածեցման տարածքները և թույլ չէր տվել, որ անապատացման վտանգի ենթակա տարածքներում արածեցնեն»,- ասաց Ս. Ադամյանը:
Նրա խոսքով՝ այս խնդիրը պետք է լուրջ մակարդակով բարձրացնել, և դրա համար իրենք դիմել են ՀՀ նախագահին՝ ծրագրի իրականացումը կանխելու համար. «Սա առաջին հերթին քաղաքական հնչեղություն պետք է ստանա: Մեր երկիրը պետք է պաշտպանենք նման ոտնձգություններից»:







































