Մեզանում հեռուստաընկերությունների մի մասը կամ ընդհանրապես չունի մանկական հաղորդումներ ու ծրագրեր, կամ ունեն մանկական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշում մեկ կամ երկու ծրագրերի տեսքով, և այսօր խոսել այն մասին, որ ունենք բազմաբնույթ հաղորդումներ`իրականությանը չի համապատասխանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հնչեցրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Կարինե Տիտանյանը:
Ըստ սոցիոլոգի` մեզանում ֆինանսական պատճառով ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի իրենց երեխաներին տանել թատրոն, կինո, արվեստի դպրոցներ, ու այդ բացը պետք է լրացներ հեռուստատեսությունը, սակայն ստացվել է այնպես, որ փակվել է միակ մանկական հեռուստաալիքը՝ «Հայրենիքը», ու այդ դժվարին գործը կրելու պատասխանատվությունը ընկել է Հանրային ռադիոյի ուսերին:
«Այսօր ծնողների մեծ մասն իրենք պետք է պահանջատեր լինեն, որովհետև իրենց գրկից մինչև հասունանալը երեխան ձևավորվում ու ճանապարհ է անցնում»,- ասաց սոցիոլոգը՝ իր խոսքում շեշտելով մանկական հաղորդումների որակի լավացման հարցը, քանի որ պարզ չէ, թե ովքեր են զբաղվում երեխաների համար մանկական հաղորդումների պատրաստմամբ:
«Որակական բարձր գնահատական չենք կարող տալ այդ հաղորդումներին, ու ասել, թե դրանք բավարարում են լսարանի պահանջները` ճիշտ չէ»,- հավելեց բանախոսը՝ կարևորելով հաղորդումները արդիական, երեխայի համար հետաքրքիր ու նորովի դարձնելու հանգամանքը:
Հոգեբան Անահիտ Արզումանյանը ևս իր խոսքում կարևորեց մանկական հաղորդումները երեխաների համար հետաքրքիր դարձնելու հանգամանքը: «Հեքիաթ են ուզում երեխաները, պետք է նորովի մատուցել, նոր չափանիշներով»,- նշեց վերջինս:
Հոգեբանի խոսքով՝ մեզանում չկան դեռահասների համար նախատեսված մանկական հաղորդումներ, և դեռահասները այդ արժեքների պակասի պատճառով տեղափոխվում են համացանց, որտեղ «հեշտությամբ ստանում են իրենց զարգացմանը չհամապատասխանող արժեքներ»:
Բանախոսները համաձայնեցին, որ հաճախ մեր երեխաներին չեն մատուցվում մուլտֆիլմեր, ֆիլմեր, որտեղ չարը կհաղթի բարուն, փոխարենը ցուցադրվում են ենթագիտակցության խորը շերտերի վրա ազդող ֆիլմեր՝ առաջացնելով ագրեսիա:










































