Պակիստանյան ծագում ունեցող ամերիկացի Դևիդ Հեդլին դատապարտվել է 35 տարվա ազատազրկման Մումբայի ահաբեկչության կազմակերպման մեջ մասնակցություն ունենալու և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեղադրանքով,- հաղորդում է Associated Press-ը:
Հեդլին շուրջ յոթ տարի համագործակցել է պակիստանցի ահաբեկիչների հետ և չի հարուցել հատուկ ծառայությունների կասկածը ԱՄՆ-ի քաղաքացիություն ունենալու և արտաքինի շնորհիվ: Մումբայում ահաբեկչությունը նախապատրաստելու ընթացքում նա երկու տարի ուսումնասիրել է քաղաքը՝ տեղեկատություններ հավաքելով ահաբեկիչների համար: Բացի այդ, նա նախապատրաստել էր նաև հարձակում Jyllands-Posten դանիական թերթի վրա, որը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Սակայն ծրագիրը չի իրկանացվել:
52-ամյա ամերիկացին ձերբակալվել է 2009 թ. և գործարք կնքել հետաքննության հետ՝ դառնալով ահաբեկչության գործով հիմնական վկա: Նա իրեն մեղավոր է ճանաչել: Դատախազությունը չի պահանջել ցմահ բանտարկություն՝ հաշվի առնելով նրա համագործակցությունը հետաքննության հետ:
Դատապարտյալի փաստաբանն ընդգծել է, որ Հեդլիի ինֆորմատոր դառնալու որոշումը «փրկել է մարդկային կյանքեր»:
Հիշեցնենք, որ 2008 թ. Մումաբայում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 166 մարդ։








































