Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասում հայ է առևանգվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Դամասկոսում բնակվող Նազարեթ Էլմաջյանը` ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին: Նրա խոսքով` առևանգվածը դամասկոսահայ Նազարեթ Չարքյանն է: Վերջինիս իր իսկ աշխատավայրից առևանգել են զինված անձինք և ազատ արձակելու համար պահանջում են 50 միլիոն սիրիական լիրա, մոտավորապես 500 հազար դոլար:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին, Էլմաջյանը նշել է, որ Դամասկոսի ծայրամասերում, մասնավորապես Ղուտայի շրջանում բախումները շարունակվում են, իսկ մայրաքաղաքում իրավիճակն ավելի հանգիստ է, շուկաները մարդաշատ են:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա, Հարասթա և Դումա գյուղերում լուրջ վնասներ են հասցրել զինյալներին, ոչնչացվել են նրանց զենքերը: Կառավարական ուժերը նաև վերականգնել են Զամալքայից Աարաբին տանող ճանապարհի անվտանգությունը:







































