«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, թե ինչու հարձակվող Մարիո Բալոտելին չի ընդգրկվել թիմի կազմում` Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Բոլթոն»-ի դեմ խաղում:
«Բալոտելին պարզապես տեղ չի գտնում թիմի կազմում: Նա հիանալի գիտի, թե ինչ է պահանջվում «Լիվերպուլ»-ի խաղացողից: Ես կողմնորոշվում եմ մարզումներով: Մարիոն մյուսների նման սովորական ֆուտբոլիստ է: Յուրահատուկ մոտեցում որևէ մեկի նկատմամբ չեմ ցուցաբերում: Բորինին և Լամբերտը ջանք չեն խնայում մարզումների ժամանակ: Նույնը վերաբերում է նաև Ռոսիտերին, ով մնաց պահեստայինների նստարանին:
Եթե ցանկանում ես ներդրում ունենալ թիմի գրանցած արդյունքում, պետք է ջանասիրաբար մարզվես: Բալոտելիի համար դա հեշտ չէ: Բայց բոլորն էլ գիտեն մեր թիմի մակարդակի մասին: Ես զրուցել եմ Մարիոյի հետ: Նա ամեն ինչ հասկանում է»,- BBC-ն մեջբերում է Ռոջերսի խոսքերը:








































