«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ռմբարկուական հիանալի որակներ ունի:
27-ամյա ֆուտբոլիստը վերջերս է շարք վերադարձել և արդեն 16 խաղ է անցկացրել կատալոնական ակումբի կազմում: Նշված ժամանակում Սուարեսը 5 գոլ է գրանցել իր ակտիվում, սակայն նաև մի շարք գոլային պահեր է բաց թողել:
«Ես չեմ անհանգստանում: Սուարեսն անպայման գոլեր կխփի: Կարևորն այն է, որ «Բարսելոնա»-ն հաղթում է: Մենք վստահում ենք Լուիսին: Նա հիանալի մարզավիճակում է: Վաղ թե ուշ նա կընդհատի գոլային երաշտը: Մնում է սպասել և հավատալ: Հարձակվողների մոտ պարբերաբար նման պահեր են լինում»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:







































