Մեծ Բրիտանիան լիբիացի ապստամբներին կտրամադրի կապի միջոցներ և քննարկում է նաև զինամթերքի մատակարարման հնարավորությունը: «Մենք պատրաստ ենք տրամադրել սարքավորումներ, որոնք չեն կարող օգտագործվել հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար, այլ կօգնեն պաշտպանել խաղաղ բնակչությանն ու հումանիտար օգնություն հասցնել Լիբիայի ժողովրդին»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի դեմ կռվող ուժերին զինամթերք տրամադրելու հնարավորությունը: Սակայն ներկա պահին զինամթերքի փոխադրումը Լիբիա արգելված է ՄԱԿ-ի պատժամիջոցներով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հեյգը նաև նշել է, որ ՄԱԿ-ն ու Եվրամիությունը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Քադաֆիի շրջապատի այն մարդկանց հանդեպ, որոնք կհրաժարվեն նրան օգնություն ցույց տալուց:
Այս քաղաքականությանը հետևելով այսօր Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսայի վրայից հանվել են բոլոր պատժամիջոցները, որոնք նախատեսված էին ՄԱԿ-ի բանաձևով: Նա վերջերս լքել է իր պաշտոնը և փախել Մեծ Բրիտանիա: Հեյգը նշել է, որ Միացիալ Թագավորության քննչական ծառայությունները կհարցաքննեն նրան 1988թ.-ին շոտլանդական Լոքերբի քաղաքի վրա տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը պայթեցվել էր, որի հետևանքով զոհվել էր 270 մարդ` մեծամասամբ ԱՄՆ քաղաքացիներ: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները այս ահաբեկչական գործողության մեջ մեղադրում են Լիբիայի իշխանություններին:










































