ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում նախագահի թեկնածուի Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանում քարոզչություն իրականացնելու մեջ: «Բուհում քարոզչություն չեմ իրականացրել: Եթե Հայաստանում ունենանք առաջին անգամ դե յուրե նախագահություն, այդ նախագահը պետք է հրաժարական տա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունից, ԱԺ նախագահն ու վարչապետը` մյուս բուհերի նույն պաշտոններից: Պետք է ապակուսակցականացվի դպրոցը, համալսարանը, զինյալ ուժերը: Դրա համար տարօրինակ է, որ հարգարժան գործընկերն է ասում այն դեպքում, երբ ներկայացնում է մի կուսակցություն, որը սեփականաշնորհել է բոլոր միջոցները: Ես մտա ոչ միայն մանկավարժական, այլև ԵՊՀ, ճարտարագիտական համալսարան, ազգային գրադարան` գրադարաններին նվիրելու համար իմ գիրքը, որ հրատարակվել է անգլերեն, հայերեն, թուրքերեն լեզուներով` մեր գերդաստանի չորս սերունդների մասին: Հիմա սպասում եմ, որ հավասար պայմաններ ներկայացնեն, ոչ թե ստեր հորինեն»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ քարոզարշավի 4-րդ օրն արդեն ակնհայտ է դառնում, որ կա այլընտրանք. «Ես հարգում եմ չմասնակցողների տեսակետը, սակայն անձամբ դեմ եմ, որ որևէ ուժ իր որոշման հետքերով քաղաքացիներին հորդորի չմասնակցել: «Ես չկամ, ուրեմն պետք չէ մասնակցել» խոսքը արկածախնդրություն է: Այն մարդը, որ հրաժարվում է պայքարից, տանից դուրս չի գալիս, իր պասիվությամբ իշխանության վերարտադրությանն է նպաստում: Թող գնա ու քվեարկի, թող Րաֆֆի չքվեարկի: Բայց թող գնա ընտրության, ոչ թե խավարն անիծի: Նա, ով իրեն Աստծո տեղ է դնում և ասում, թե ամեն ինչ կանխորոշված է… ես մերժում եմ դա»:
Նախագահի թեկնածուն ասել է, որ իր ընտրվելու դեպքում օլիգարխները պետք է մասնակցեն պետական օրինավոր շինարարությանը` ստվերից գալով լույս աշխարհ, աշխատատեղեր ստեղծելով և զարկ տալով արդյունաբերությանը: Բյուջեն կօպտիմալացվի, ծախսերը կվերաձևակերպվեն, այդ թվում` նախագահի:
Փետրվարի կեսերին Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի կառավարության իր պատկերացրած կազմը:









































