Որոշ քաղաքական ուժեր ցանկանում են Ադրբեջանի Իսմայիլ քաղաքում ստեղծված իրավիճակը անկառավարելի հունի մեջ դնել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Հասանովի խոսքերով` մեղավորներն արդեն ձերբակալված են, ընթանում է հետաքննություն և, անկասկած, մեղավորները կստանան իրենց պատիժը:
Նա նշել է, որ հետաքրքրված քաղաքական ուժերը և նրանց պատկանող տեղեկատվական միջոցները մարդկանց օգտագործում են սեփական շահերի համար` տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հանդեպ անօրինական գործողություններ կազմակերպելու համար: Նրանք փորձում են սրել հասարակական քաղաքական իրավիճակը, վնաս հասցնել պետական մարմիններին, քաղաքացիներին և անձնական գույքին:
Նա Իսմայիլ քաղաքի բնակիչներին կոչ է արել չմիանալ պրովոկացիաներին:
Ադրբեջանի Իսմայիլ քաղաքում, որտեղ անցած գիշեր ցուցարները հրդեհել էին հյուրանոցի շենքը, այսօր կրկին անկարգություններ էին սկսվել:
Տեղի բնակիչները պնդում են, որ անկարգությունների պատճառ է դարձել աշխատանքի և սոցիալական ապահովման նախարար Ֆիզուլ Աքփերովի որդու հետ տեղի ունեցած միջադեպը, որն իր մեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի, այնուհետև վեճի է բռնվել վարորդի և տեղի բնակիչների հետ:
Սակայն Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ մեքենայով խուլիգանություն իրականացրել են հյուրանոցի սեփականատեր Էմիլ Շամսադինովը և տեղի բնակիչ Ալմեդդին Մամեդովը, որոնք ձերբակալվել են, իսկ նախարարի որդին ընդհանրապես այս շրջանում չի եղել:





































