Լոս Անջելեսի Գերագույն դատարանը հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին պարտավորեցրել է ներկայացնել «Ավատար» ֆիլմի սցենարի սևագիրը: Ֆիլմը ստեղծողին և նրա պրոդյուսերական Lightstorm Entertainment կենտրոնին նրա նախկին գործընկեր Էրիկ Ռայդերը հայտարարել է, որ օսկարակիր ֆիլմը հիմնված է իր K.R.Z. 2068 ստեղծագործության վրա:
2011թ.-ին ֆանտաստիկ պատմության հեղինակը դատական հայց է ներկայացրել՝ նշելով, որ դրա ստեղծման վրա ծախսել է երկու տարի՝ գրում է The Daily Telegraph-ը: Նախօրեին դատավոր Ալան Ռոզենֆիլդը փաստաբանից պահանջել է ցույց տալ «Ավատարի» սցենարի սևագրերը:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի դեկտեմբերին Ջ. Քեմերոնի նախկին գործընկեր Է. Ռայդերը նրան մեղադրել է իր գաղափարները գողանալու մեջ և հայց է ներկայացրել դատարան: Համաձայն հայցի՝ դեռ 1999թ.-ին Է. Ռայդերը ռեժիսորին առաջարկել էր նկարահանել K.R.Z. 2068 ֆիլմը: Սցենարիստի խոսքերով՝ սկզբում առաջարկը Քեմերոնի հավանությանն է արժանացել, սակայն հետո նա սառեցրել է նախագիծը՝ որոշելով, որ էկոլոգիական թեմայով ֆիլմը ոչ ոքի չի հետաքրքրի:







































