Իսլամն ինքը պետք է կատարի ֆրանսիական հասարակությանն ինտեգրվելու քայլեր: France 2 հեռուստաալիքի եթերում այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ (2007-2012) Նիկոլա Սարկոզին՝ մեկնաբանելով Փարիզում հունվարի 7-9-ն իրականացված ահաբեկչությունները, որոնց հետևանքով զոհվել է 17 մարդ:
«Որոշակի թվով ահաբեկիչներ՝ ջիհադի կողմնակիցներ, որոշել են պատերազմել մեր քաղաքակրթության, կենսակերպի և մտքի դեմ,- ասել է Սարկոզին:- Մենք պետք է մեր պատասխանը հարաբերակցենք սահմանված ախտորոշման հետ: Ամեն ինչ ծայրահեղ լուրջ է, և վախենամ՝ այդ սպառնալիքը երկար պահպանվի»:
Սարկոզին նշել է, որ ստեղծված մթնոլորտում երկրի իշխանությունները «չպետք է ժամանակ կորցնեն»: Մասնավորապես, ըստ նրա՝ կառավարությունը պետք է հնարավորինս շուտ իրականացնի անվտանգության միջոցառումների խստացման ազդարարված միջոցները՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ:
Միաժամանակ Նիկոլա Սարկոզին կոչ է արել ներազգային երկխոսություն սկսել մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ներկայացուցիչների մեծ մասը «սարսափած են կատարվածից» և չեն ուզում, որ իրենց կրոնը «խառնեն» արմատական գաղափարների հետ:
«Ակնհայտորեն ծառացել է իսլամի և աշխարհիկ պետության հարցը,- ասել է նա:- Վերջին 15 տարիներին խոսակցությունները տարվում էին այն հարցի շուրջ, թե երկիրն ինչ է պատրաստ անել իսլամի համար: Այսօր, ըստ իս, միակ հարցն այն է, թե հենց իսլամն ինչ է պատրաստ անել երկրին ինտեգրվելու համար»: «Մենք ուզում ենք տեսնել ֆրանսիական իսլամ, ոչ թե իսլամ՝ Ֆրանսիայում»,- եզրափակել է Սարկոզին:








































