Անցյալ շաբաթ «Առաջին լրատվական»-ին հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքի տարբեր մասերում այրվում են նոր աղբահան օպերատորի՝ «Սանիտեկ» ընկերության տեղադրած նոր աղբամանները:
Ընկերության խոսնակ Արման Հայրապետյանն ասաց, որ դժվարանում է ասել՝ դրանք պատահաբա՞ր են վառվել, թե՞ դիտավորյալ: «Մենք հիմա ուսումնասիրում ենք, լուսանկարներ կան, ու կպարզենք, թե ինչպես է դա պատահել»,- ասաց ընկերության խոսնակը՝ հավելելով, որ այրված աղբամանների թիվն անցել է 10-ից:
Հիշեցնենք, որ այս նոր օպերատորը գործի անցավ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից՝ քաղաքապետարանից վերցնելով աղբահանության գործառույթը, որի արդյունքում լուծարվեց «Կենտրոն մաքրություն» ընկերությունը, և մի շարք աշխատակիցներ հայտնվեցին փողոցում:
Նրանցից շատերն այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում նախագահական նստավայրի և կառավարության դիմաց՝ պահանջելով նոր օպերատորին պարտավորեցնել իրենց վերականգնել աշխատանքի և բարձրացնել վարձատրությունը: Իսկ նոր օպերատորի ղեկավար Մադլեն էլ Բոլբոլը պնդում է, որ այն աշխատակիցները, ովքեր համաձայն են իրենց պայմաններին՝ կաշխատեն, իսկ ովքեր՝ ոչ, ապա նրանց համար իրենց ընկերությունում տեղ չկա:










































