Նախագահական ընտրությունները պետք է բնորոշել հետևյալ բանաձևով՝ 1+2+5: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ 1-ը Սերժ Սարգսյանն է, 2-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, իսկ 5-ը՝ ՀՀ նախագահի մնացած թեկնածուները:
«Սերժ Սարգսյանն ակտիվորեն սկսեց իր քարոզարշավը, բնականաբար` նրա ռեսուրսը, սատարող ուժերը մեծ են, ու ինքը սկսեց ակտիվ քարոզարշավ: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը ևս ակտիվ սկսեցին: Այս երեք թեկնածուները դասական ոճով սկսեցին իրենց արշավը՝ հանդիպումներ, բուկլետների տարածում, ելույթներ, տեսահոլովակներ, իսկ մյուս հինգ թեկնածուներն այլ ոճով են գնում, որը նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավելի հետաքրքրական դարձրեց:
Վերջիններս ընտրել են կետային քաղաքականություն. խոսքն Անդրիաս Ղուկասյանի և Արման Մելիքյանի մասին է: Նրանք չեն տանում ակտիվ քարոզչություն, այլ, օրինակ` Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ կա մեկ հարց, որն այնքան կարևոր է, որի պատճառով հացադուլի է գնում, նույնն անում է Արման Մելիքյանը: Նրանք հարցը դնում են կետային՝ պատրաստ գնալ ծայրահեղ քայլերի»,- մեկնաբանեց բանախոսը:
Քաղաքագետը նշեց, որ նախագահական ընտրությունների մրցակցության մակարդակը ցածր է: Սակայն, նրա համոզմամբ, անտրամաբանական է դրանում մեղադրել իշխանությանը. ի՞նչ կապ ունեն իշխանությունները, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն թեկնածու չեն առաջադրել:
Անդրադառնալով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի գալիք նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու որոշման պատճառներին՝ նա ասաց, որ պատճառները տարբեր են: Ստեփան Գրիգորյանի կարծիքով` պատճառներից մեկը կապված էր արտաքին քաղաքականության հետ: Նա նշեց, որ այդ ուժերի լիդերները հասկանում էին, որ այստեղ իրենք ավելի մեծ ասելիք չունեն, քան արվում է այսօր, ուստի անիմաստ էր դուրս գալ պայքարի:
«Ասում էինք՝ ՀՀ-ն պարտավոր է աշխատել և Արևմուտքի, և ՌԴ-ի հետ: Այդ աշխատանքն այսօր տարվում է: Ավելին` ՌԴ-ի թելադրող դիրքը վերջին տարիներին գոնե մեղմացավ: Այդ ուժերի լիդերները հասկանում էին, որ դժվար է նոր բան ասել:
Մարդիկ մոռանում են, որ Ղարաբաղի հարցով մինչև 2009 թիվը որքան հոգնեցինք նրանից, որ բոլոր կազմակերպությունները մեր դեմ փաստաթղթեր էին ընդունում, վերջին չորս տարվա ընթացքում որտե՞ղ է այդպիսի փաստաթուղթ ընդունվել: Ուզում եմ ասել, որ գոնե արտաքին հարաբերությունների ոլորտում ակնհայտ են ՀՀ-ի հաջողությունները, և դժվար է գալ ու ասել, որ պահանջում էինք բազմավեկտոր քաղաքականություն, երբ իշխանությունը դա անում է»,- հստակեցրեց բանախոս Ստեփան Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով` խորհրդարան մտնելով` նրանք ընդունեցին ԱԺ ընտրությունների արդյունքները. «Այս պարագայում ես չեմ հասկանում` ինչի հետ է կապված և ինչու է փորձ արվում բոյկոտել, եթե փոքր-ինչ առաջընթաց կա: Պետք է հավատալ, որ իրավիճակը կլավանա: Ես էլ չեմ հասկանում, թե ինչու ընդդիմությունն ակտիվորեն չի մասնակցում: Եթե ստանձնում ես մանդատ, երկխոսություն ես սկսում և անսպասելիորեն դուրս ես գալիս` անհասկանալի է: Պարզապես կոշտ ձևով չեն հայտարարում, որ բոյկոտում են ընտրությունները»:










































