Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինան 2 տարի անց ռուսական գազի կարիքը չի ունենա: Ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է երկուշաբթի օրը Ցյուրիխի համալսարանին կից Եվրոպայի ինստիտուտում ելույթի ժամանակ:
Երկուշաբթի օրը Պորոշենկոն եռօրյա այցով ժամանել է Շվեյցարիա:
«Ես լիովին վստահ եմ, որ 2 տարի հետո մեզ ընդհանրապես պետք չի լինի ռուսական գազը: Դա իմ երկրի էներգետիկ անկախության շատ կարևոր գործոնն է»,- Պորոշենկոյի խոսքերը մեջբերում է «Ուկրինֆորմը»:
Հունվարի 15-ին «Գազպրոմում» հայտարարել են, որ Ուկրաինան ռուսական գազի գնումները կրճատել է 3 անգամ: 2014թ. դեկտեմբերի վերջին Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինան ծրագրում էր ևս 1 մլրդ խմ գազ գնել Ռուսաստանից, բայց մինչև տարվա վերջ այդ գնումը չի կատարվի:









































