Նախագահական քարոզարշավը Հայաստանում ընթանում է ժանրի բոլոր կանոնների համաձայն: Սերժ Սարգսյանն իր բուտաֆորիկ ելույթներն է շարունակում՝ ապահով Հայաստանի մասին գիտաֆանտաստիկ խոստումներով, իսկ նրա, այսպես ասած, մրցակիցները, կամ նրանցից հիմնական դիտվողները, շարունակում են յուրովի համոզել հասարակությանը, որ իրենք քանդելու են Հայաստանում իշխող համակարգը և նորն են կառուցելու: Այն, որ այդ թեկնածուների ծրագրերը լավն են, և որ նրանք իսկապես այն ազնիվ մարդիկն են, որոնք ավելի լավ Հայաստան են կառուցելու, կասկածից վեր է: Այստեղ խնդիրն այլ է:
Ո՞վ է նրանց թույլ տալու անել այդ ամենը: Սա է հարցերի հարցը, որին սակայն թեկնածուները չեն պատասխանել կամ չեն պատասխանում: Մինչդեռ հասարակությանը երևի թե այդ հարցն է առաջին հերթին հետաքրքրում, որովհետև մարդիկ լավ ծրագրեր շատ-շատ են լսել, լսել են գեղեցիկ, ազդեցիկ ելույթներ, տեսել են խարիզմատիկ առաջնորդներ, գնացել են նրանց հետևից ինչ-որ տեղ, բայց մնացել են կես ճանապարհին: Հիմա մարդկանց հետաքրքրում է, որ եթե ներկայիս Հայաստանում իշխող քրեական օլիգարխիան իրեն հատուկ կեղծիքով, իսկ հարկ եղած դեպքում էլ բռնությամբ թույլ չտվեց արձանագրել այն ամենը, ինչ քարոզարշավի շրջանակում ասվում է, ի՞նչ են առաջարկում այդ թեկնածուները ժողովրդին այդ դեպքում:
Չէ՞ որ, երբ Սերժ Սարգսյանն ապահով Հայաստան է խոստանում, պարզ է, որ նա դա ասելով հասարակության առաջ, իրականում խոստանում է Հովիկ Աբրահամյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մհեր Սեդրակյանին և մյուսներին, որոնք բոլորին հայտնի քրեական օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներն են: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի կառավարման հինգ տարիները հենց դրա մասին են վկայել, որ նա ավելի շատ նրանց համար է աշխատել, և եթե նույնիսկ նրանց ինչ-որ բան է ասել կամ արել, ապա այդ ամենը մնացել է կիսատ, և այդ մարդիկ արագորեն ռեաբիլիտացվել են՝ եթե ոչ պաշտոնով, ապա համակարգային կարգավիճակներով:
Ուրեմն՝ ի՞նչ են առաջարկում թեկնածուները այդ ամենի դեմ, երբ համակարգը նկարում է այն թվերը, որն իրեն է պետք: Երբ չկա այդ կապակցությամբ որևէ առաջարկ, ապա քարոզարշավային նրանց ելույթները դառնում են ոչ պակաս բուտաֆորիկ, քան Սերժ Սարգսյանինը: Ավելին՝ Սերժ Սարգսյանի դեպքում պարզ է, թե ինչ նպատակ ունեն այդ ելույթները՝ քողարկել առկա իրականությունն ու փորձել հնարավորինս շատ միամիտներ գտնել քվեարկողների շրջանում:
Իսկ թե ինչ նպատակ ունեն այն թեկնածուների ելույթները, որոնք դուրս են եկել Սերժ Սարգսյանի և համակարգի դեմ, այսպես ասած, քաղաքակիրթ ընտրապայքարի կանոններով խաղալու, արդեն դառնում է անորոշ, եթե նրանք հասարակությանը հստակ առաջարկներ չեն կատարում իշխող համակարգի, մեղմ ասած, անքաղաքավարի պահվածքի դեպքում:









































