ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան մոտ ժամանակներոս կհայտարարի ճակատային գծում ռազամական օպերացիաներին կանանց մասնակցելն արգելող նորմատիվ ակտը չեղյալ համարելու մասին: Այս մասին տեղեկությունը Պենտագոնի պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, հայտնել են Sky News-ին: Սպասվում է, որ այս մասին պաշտոնական հայտարարությունը նախարարությունը կանի հունվարի 24-ին,- փոխանցում է rbc.ru-ն:
Կանանց առաջին գիծ ուղարկելու արգելքն ԱՄՆ-ում գործում է 1994-ից: Այն չեղյալ համարելուց հետո կանանց համար կարող է մինչև 230 000 աշխատատեղ բացվել ամերիկյան բանակում: Պենտագոնում չեն բացառում, որ որոշ կանայք կհավակնեն նաև ղեկավար պաշտոնների:
Պանետայի որոշումը շարունակում է կանանց զինված ուժերում ներգրավելու կուրսը, որը ռազմական վարչությունը սկսել էր մեկ տարի առաջ: Այն ժամանկ կանանց համար բացվել էր մոտ 14 000 աշխատատեղ զինված ուժերում:
Չհաստատված տվյալներով՝ Պանետան իր տեղակալներին հրահանգել է փորձագիտական եզրակացություն ներկայացնել այն մասին, թե ինչպիսի պաշտոններ կանայք, ամեն դեպքում, չեն կարողանա զբաղեցնել բանակում: Այս հարցում վերջնական որոշումը կընդունի 2016-ի հունվարին և արդեն այլ նախարար:
Ներկայումս կանայք կազմում են ամերիկյան ռազմական վարչության կադրային կազմի 14%-ը:











































