Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրը բացասական դինամիկա են ցուցադրել: Լոնդոնյան միջմայրացամաքային բորսայի փակման պահին Brent խառնուրդի մատակարարման մարտի պայմանագրերի գինը նվազել է 1,02 դոլարով՝ հասնելով մեկ բարելի համար 49,15 դոլարի: Օրվա ընթացքում այն նվազել է մինչև 49,05 դոլարը, գրում է TASS-ը:
Նյու Յորքյան ապրանքային բորսայում, որտեղ աճուրդը դեռ շարունակվում է, տեխասյան նավթի WTI փետրվարյան մատակարարումների գինը նվազել է մեկ դոլարով և մեկ բարելի համար 47,69 դոլար է կազմել:
Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում նավթի շուկան անկում է ապրում Իրաքում նավթի արդյունահանման ռեկորդային ցուցանիշների՝ մեկ օրում 4 միլիոն բարել, ֆոնին, որը խորացնում է նավթի համաշխարհային մատակարարումների ավելցուկը:
«Պահանջարկից ավել առաջարկի պայմաններում նախկինի պես հավանական է, որ շուկան ավելի մեծ անկում կունենա»,- կարծում է Լոնդոնում Jefferies International Ltd-ի ավագ բրոքեր Քրիստոֆեր Բելյուն:
Global Risk Management Ltd-ի վերլուծաբան Մայքլ Պոուլսենն ուշադրություն է հրավիրել Չինաստանի ֆոնդային բորսայի բացասական դինամիկային, որը նույնպես «ճնշում է նավթի գների վրա»:








































