-Ձեր ընտանիքը Կալիֆորնիայում է, որտեղ հիանալի եղանակ է ու ապրելու արտակարգ պայմաններ, իսկ դուք այստեղ, որտեղ -20 C ջերմաստիճանի տակ խաղում եք ֆուտբոլ, այն էլ ոչ լավագույն պայմաններում:
-Իհարկե, նորմալ մարդիկ միշտ լավագույն պայմանները կընտրեին ֆուտբոլի ու կյանքի համար, բայց… Ի՞նչ նկատի ունեմ՝ «նորմալ մարդիկ» ասելով: Նորմալ մարդիկ, որ ֆուտբոլ չեն խաղում: Իհարկե այստեղ ցուրտ է: Երբեմն թվում է, թե Ռուսաստանը աշխարհի ամենացուրտ վայրն է: Բայց այդ ամենի մասին մոռանում ես, երբ քո առաջ նպատակ ես դնում: Իսկ ես միշտ ցանկացել եմ ֆուտբոլ խաղալ բարձր մակարդակի վրա: Ու ես ուրախ եմ, որ դարձել եմ լավագույն ռուսական ակումբի մի մասը:
-«Սպարտակ»-ը սեփական հարկի տակ խաղերը անցկացնում է արհեստական խոտածածկի վրա:
-Դա խնդիր չէ, բացի այդ էլ թիմին քիչ է մնացել խաղալու այս մարզադաշտում: Ամռանը «Լուժնիկի» մարզադաշտը փակելու են, ու ակումբը տեղափոխվելու է բնական խոտածածկով մարզադաշտ:
-Ինչու՞ հենց «Սպարտակ»: Չէ՞ որ քո ծառայություններով հետաքրքրված էին «Էվերթոն»-ը, «ԲԿՄԱ»-ն ու այլ ակումբներ:
– Պարզապես սա ռուսական լավագույն ակումբն է, որն ունի լավագույն երկրպագուները:
-Հիմա «Սպարտակ»-ը նոր երկրպագուների բանակ կունենա Հայաստանում:
-«Սպարտակ»-ը միշտ էլ հայտնի է եղել Հայաստանում, բայց հիմա ես կրկնակի ուրախ եմ, քանի որ հասկանում եմ, որ հայրենակիցներս ավելի շատ կցանկանան, որ «Սպարտակ»-ը հաջողությունների հասնի: Հիմա ողջ Հայաստանը երկրպագելու է «Սպարտակ»-ին: Հույս ունեմ, որ ռուս երկրպագուներն էլ կհետևեն Հայաստանի ազգային հավաքականի խաղերին ու նրան հաղթանակներ կցանկանան:










































