Fox TV Network հեռուստաալիքը ծրագրում է վերաթողարկել «Գաղտնի նյութեր» սերիալը, որում գլխավոր դերերը կրկին կխաղան Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը: Այս մասին հայտնում է Independent թերթը:
Ընկերության նախագահ Գերի Նյումանը հաստատել է, որ ինքը քննարկում է սերիալի վերաթողարկման տարբերակը: «Այո, մենք որոշակի խոսակցություններ ենք ունեցել «Գաղտնի նյութերի» վերաբերյալ: Հուսով ենք, որ կկարողանանք ինչ-որ պահի վերսկսել սերիալը»,- թերթը մեջբերում է Նյումանի խոսքը:
Իր հերթին, Fox TV Group ընկերության նախագահ Դանա Ուոլդենը հայտարարել է, որ ընկերությունը այժմ ընտրում է նկարահանումների այնպիսի գրաֆիկ, որը հարմար կլինի բոլոր հիմնական դերասանների, այդ թվում՝ Դուխովնիի և Անդերսոնի համար:
«Գաղտնի նյութեր» (The X-Files) հեռուստասերիալն առաջին անգամ թողարկվել է 1993թ.: Թողարկվել է սերիալի 9 սեզոն, ինչպես նաև 2 լիամետրաժ ֆիլմ՝ «Գաղտնի նյութեր. պայքար ապագայի համար» (The X Files: Fight the Future) 1998թ. և «Գաղտնի նյութեր. ուզում եմ հավատալ» (The X Files: I Want to Believe) 2008թ.:







































