Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նկատում է Վրաստանի դիրքերի թուլացում միջազգային բեմահարթակում: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահի խոսքերով՝ նախկին կառավարությունը տարիներ շարունակ կառուցել է Վրաստանի հեղինակությունը, և արդյունքում ստացվեց, որ բոլորին անհայտ Վրաստանը վերածվեց ժողովրդավարական երկրի:
«Դա միայն մեր ելույթների արժանիքը չէ, այլ նաև նրա, թե ինչ է փոխվել Վրաստանում: Դիվանագիտությամբ դա չես անի: Ռուսաստանն ունի գումար և փորձառու դիվանագետներ, սակայն հեղինակություն, ամեն դեպքում, չունի: Մենք ունեինք հեղինակություն, քանի որ Վրաստանում զարգանում էր ժողովրդավարությունը»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ 2008թ. Վրաստանին աջակցել են շատ համաշխարհային առաջնորդներ, քանի որ երկրում տիրում էր ժողովրդավարություն:
«Ի հայտ են եկել դիրքերի թուլացման նշաններ: Դա չի կարող չանհանգստացնել մեզ: Այդքան տարի մենք կառուցել ենք այս հեղինակությունը, այժմ մենք պետք է ոչ թե ավերենք այն, այլ ավելի կառուցենք»,-ասել է Սաակաշվիլին:







































