Հունվարի 21-22-ին Լիտվայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը` քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հունվարի 22-ին կայացել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Վիտաուտաս Լեշկյավիչյուսի հետ: Հանդիպմանը լիտվական կողմից մասնակցել են Լիտվայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց, դեսպան Վայդոտաս Վեռբան, ԼՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի դրական ընթացքի, ազատ առևտրի գոտու, երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ Լիտվայի ԵՄ նախագահության ընթացքում Արևելյան գործընկերության երկրների Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում կարձանագրվի Հայաստանի նշանակալի ձեռքբերումները ասոցացման համաձայնագրի շուրջ:
Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել ԼՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն, դեսպան Դալիուս Չեկուոլիսի, ԼՀ ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ, դեսպան Էդմինաս Բագդոնասի և ԼՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ, բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին:
Նույն օրը քննարկումներ են տեղի ունեցել ԼՀ Սեյմասի Եվրոպական ակումբում, որտեղ փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում, ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի տարբեր հարցերին:
Այնուհետև Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԼՀ Սեյմասի փոխխոսնակ, Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիռկիլասի հետ, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացման հարցը:







































