Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Հեյգը Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացը խափանելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Հեյգի խոսքերով` Հորդանանի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության պրակտիկայի շարունակությունը «պոտենցիալ աղետալի» հետևանքներ կարող է ունենալ հակամարտության կարգավորման գործում: Նախարարը մեկնաբանել է, որ բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումն ավելի աղոտ է դարձնում «երկու պետություն երկու ժողովուրդների համար» միջազգային ճանաչում ստացած կոնցեպցիայի զարգացման հեռանկարը:
Հեյգը նաև ընդգծել է, որ 2013թ. պետք է որոշիչ դառնա պաղեստինաիսրայելական հակամարտության համար, քանի որ Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն, իսկ ԱՄՆ-ում արդեն սկսվել է Բարաք Օբամայի նախագահության երկրորդ շրջանը:
Հեյգը նշել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն: Այցը հիմնականում նվիրված է մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հեռանկարներին խաղաղ գործընթացի հիմքի վրա, որը տևում է ավելի քան 20 տարի:
Նման հայտարարությամբ Հեյգը հանդես է եկել Քնեսեթի ընտրությունների ֆոնի վրա, որոնք հունվարի 22-ին տեղի են ունենում Իսրայելում: Վերլուծաբանների գնահատմամբ` ընտրություններում լավ արդյունքի կհասնի Հրեական տուն կուսակցությունը, որը պաշտոնապես կոչ է անում հրաժարվել «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքից և զավթել Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի ավելի քան 60%-ը: Ակնկալվում է, որ այս կուսակցությունը Լիկուդ կուսակցության հետ կձևավորի կոալիցիոն կառավարություն: Լիկուդի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն նույնպես կոշտ քաղաքականություն է վարում պաղեստինցիների նկատմամբ, սակայն պաշտոնապես չի հերքում պետություն ունենալու նրանց իրավունքը:









































