Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով երկուշաբթի Գերմանիայի օդանավակայանների աշխատանքում զգալի խափանումներ են եղել, ճանապարհներին՝ մեծ թվով ավտովթարներ:
Շարունակվող տեղումների և կիրակի տեղացած սառցե անձրևի հետևանքով Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել ավելի քան 540 չվերթ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով օդանավակայանի մամլո ծառայությանը: Սպասվում է, որ այսօր նույնպես ավիահանգույցը կաշխատի խափանումներով:
Մեծաթիվ չվերթներ հետաձգվել և չեղյալ են հայտարարվել նաև Բեռլինի, Համբուրգի, Դյուսելդորֆի, Լայպցիգի, Մյունխենի և Շտուտգարտի օդանավակայաններում: Միայն Մյունխենում 180-ից ավելի չվերթ է չեղյալ հայտարարվել, իսկ Դյուսելդորֆում՝ ավելի քան 40:
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը ներքին չվերթների ուղևորներին խորհուրդ է տվել ուղևորություն կատարել ցամաքային տրանսպորտով:
Եղանակային վատ պայմանները հանգեցրել են նաև գնացքների ուշացումների: Ցածր ջերմաստիճանի պատճառով որոշվել է սահմանափակել միջքաղաքային գնացքների արագությունը մինչև 200 կմ/ժամ:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին եղանակը կբարելավվի: Երկրի տարածքի մեծ մասում կպահպանվի առավելապես 0-ից ցածր ջերմաստիճան: Սառցե անձրևներ չեն սպասվում:












































