Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ «Արտոնագրային վճարների» մասին նոր օրենքը, որով, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվելու է նաև անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբլինսկին, այսուհետ բրոքերները, անկախ գործունեության արդյունքներից, ամսական վճարելու են 60 հազար դրամ` Երևանում, և 10-50 հազար դրամ` մարզերում:
Ըստ նրա՝ այս օրենքի կիրառումը չափազանց մեծ բեռ է ավելացնում մինչև 58 մլն շրջանառություն ունեցող ընկերությունների համար: Ընդ որում՝ ոլորտի մոտ 200 ընկերություններից յուրաքանչյուրում աշխատում են մոտ 10 աշխատակիցներ, այդ թվում` հավաքարարները և վարորդները, լուսանկարիչները և այլն, որոնց համար այլ ոլորտում աշխատելիս նման հարկ չի վճարվելու:
Անցած տարվա վերջին ընդունված այս օրենքի կիրառման արդյունքում, ըստ Պրիբլինսկու, ընկերությունները ստիպված կլինեն կրճատել աշխատողներին, 95%-ով անցնել ստվերային դաշտ, դադարեցնել գործունեությունը, կաճեն կոռուպցիոն ռիսկերը, կնվազի ներդրումների հոսքը, և այս ամենը կնպաստի արտագաղթի մեծացմանը:
«Անշարժ գույքի ոլորտը ճգնաժամային վիճակից դեռ դուրս չի եկել: Նոր շինարարություն չի ավելանում, ո՞նց կարող է ավելանալ անշարժ գույքի շուկան»,- ասաց Պրիբլինսկին՝ նշելով, որ ռիելթորները տարեկան 3-4 բնակարան են կարողանում վաճառել, որից միջինացված եկամուտը 300-400 դոլար է կամ 0.3%. «Բայց ստվերում աշխատող անհատները շատ մեծ մաս են կազմում, Երևանում ձևավորվել են և աշխատում են մարդիկ, որոնք բարեկամը բարեկամին, հարևանը հարևանին են վաճառում»:
«Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը հաստատեց, որ բրոքերները ստիպված են լինելու անցնել ստվերային դաշտ. «Հետ ենք գնում դեպի 90-ականները: Սա հարված է գոտկատեղից ներքև: Մեզ մղում են աշխատել ոչ օրենքի դաշտում, և այլընտրանք չկա, անհավասար մրցակցություն կառաջանա, շատերը կփակվեն, կմնան 5-6 ընկերություններ: Մեր ոլորտը ամենազգայունն է, յուրաքանչյուր ցնցում մենք զգում ենք առաջինը»:
Նրա խոսքով՝ օրենքի կիրառմամբ հարկային բեռը եռակի-քառակի ավելանում է: Գոջաբաշյանը հայտնեց, որ զրուցել է 50-ից ավելի ընկերությունների հետ, որոնցից ոչ մեկի հետ օրենքն ընդունելիս չեն խորհրդակցել:
«Վաղը խորհրդակցություն է հրավիրված, փողոց դուրս չենք գալու, չենք ուզում հարցը քաղաքականացնել, ուզում ենք օրենքի դաշտում լուծել այն: Գոնե պարզաբանեն՝ բոլոր աշխատողների համա՞ր ենք վճարում, թե՞ միայն հենց ռիելթորների»,- ասաց Գոջաբաշյանը:
Հայաստանի Ռիելթորների և գնահատողների միության և անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների կողմից ստեղծվել է Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնություն՝ «60.000-ին դեմ», որը վաղը հրավիրել է խորհրդաժողով: Նաև բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ֆինանսների նախարարին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, և խնդրում են իրենց գործունեությունը վերադարձնել շրջանառության հարկով հարկման դաշտ:











































