Թուրքիան մեղավոր է Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար: Այս մասին իրանական INNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Կոշտ կերպով քննադատելով Թուրքիային՝ Ասադը նշել է, որ իր երկրում տեղի է ունենում ոչ թե «արաբական գարուն», այլ «ահաբեկչություն»: Թուրքիային «ահաբեկիչ» անվանելով՝ նա հարևանին մեղադրել է Սիրիայում արյուն հեղելու մեջ:
Բաշար Ասադը նշել է, որ Սիրիան ապրում է տարածաշրջանային և միջազգային պատերազմական պայմաններում, և դրա ավարտի համար ժամանակ է պետք:
«Յուրաքանչյուրը խոսքով ցանկանում է Սիրիայում պատերազմը դադարեցնել` շաբաթների, օրերի, ժամերի ընթացքում, սակայն դա ճիշտ չէ: Մենք ապրում ենք միջազգային պատերազմի պայմաններում, և դրա դադարեցման համար ժամանակ է պահանջվում: Մենք պետք է առաջ նայենք»,- ասել է Ասադը:
Սիրիայի առաջնորդը նշել է, որ չնայած այդ ամենին` թուրք ժողովուրդն իրենց օգնություն է ցուցաբերում, և իրենք ձգտում են պահպանել թուրք ժողովրդի հետ ունեցած լավ կապերը, քանի որ կառավարությունը ժամանակավոր է, իսկ ժողովուրդը՝ հավերժ:










































