ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ քննարկել է Սիրիայում արագորեն վատթարացող իրավիճակի հարցը: Ինչպես հայտնի է դառնում համաշխարհային կազմակերպության մամլո հաղորդագրությունից՝ կողմերը փաստել են, որ առաջընթաց չի գրանցվում հակամարտության կարգավորման մեջ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կոմյունիկեում նշվում է, որ Պան Գի Մունն ու Բրահիմին հիասթափություն և ցավ են արտահայտել սպանությունների և ավերածությունների առնչությամբ, որոնք իրականացնում են կառավարությունն ու ընդդիմությունը: Նրանք նաև նշել են, որ, ցավոք, արտաքին ուժերը մատակարարում են զենքի լայնածավալ պաշարներ:
Կողմերը անդրադարձել են նաև հունվարի 30-ին Քուվեյթում կայանալիք դոնոր երկրների միջազգային կոնֆերանսին:
Երկուշաբթի ՄԱԿ-ի՝ Մարդասիրական հարցերի համակարգման հանձնաժողովի ղեկավար Ջոն Գինգը հայտարարել է, որ միջազգային հանրությունը կարողացել է տրամադրել միայն մարդասիրական օգնության 50 տոկոսը, որի կարիքն ունի Սիրիայի ժողովուրդը: ՄԱԿ-ի տվյալներով՝ նրանց հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է 1.5 մլրդ դոլար:






































