Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել շաբաթ օրը Բաքվում չարտոնված բողոքի ակցիա իրականացրած «Հասարակական պալատ» շարժման ներկայացուցիչների դեմ:
Բաքվի քաղաքային դատախազության հասարակական կապերի բաժինը հայտարարել է, որ քրեական գործերը հարուցվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 233-րդ (հասարակական կարգի խախտմանը նպաստող կազմակերպչական գործողություններ կամ այդպիսի գործողություններում ակտիվ ներգրավվածություն) և 315-րդ (իշխանական ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործադրում) հոդվածների հիման վրա:
Այդ հոդվածներով մեղադրանքներ են հարուցվել «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր ապարատի ղեկավար Արիֆ Գաջիլիի, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըի, «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Տուրալ Աբբասլիի և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Մամեդ Մեջիդլիի նկատմամբ:
Տարվում է հետաքննություն:









































