«6 ամսից երկու տարվա ընթացքում ես նախատեսում եմ կատարել սահմանադրական բարեփոխումներ` պառլամենտի հետ միասին: Այս քայլից հետո մյուս բոլոր նպատակներն առավել դյուրին ճանապարհով են իրագործելի դառնում: Նաև փոխելու եմ երկրի կառավարման մոդելը` դարձնելով պարզ նախագահական` վարչապետական, որտեղ վարչապետի պաշտոնը կլինի ընտրովի: Խորհրդարանական երկրներում երկու անգամ պակաս է ժողովրդավարությունը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նախագահի թեկնածուն ասել է, որ իր կուսակցության գործունեությունն ապահովելու համար ստացել էր տարածքներ, սակայն այն իր ձեռքից վերցրել են Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը: Հիմա տարածքներ չեն խլում, սակայն ավելի ահավոր բան է կատարվում. «Չկասեցվեցին արհեստական կուսակցությունները: Մի՞թե հայտնի չէ, թե ժամանակին ինչպես ստեղծվեց «Շամիրամ» կուսակցությունը: Դա Վանո Սիրադեղյանի քմահաճույքն էր: Քանի դեռ չունենք քաղաքական մշակույթ, այդ ոլորտում պետք է իմաստ ունեցող մարդիկ փորձեն մշակույթ ստեղծել: Ամեն ինչ արել են, որ մենք մշակույթ չունենանք»:
Քաղաքական գործունեության հիմնական իմաստը, ըստ նախագահի թեկնածուի, գաղափարների, ծրագրերի իրականացումն է: Առաջին նախագահը, նրա կարծիքով, չուներ գործունեության ծրագիր: Այսօրվա թեկնածուների մի մասը, ըստ Պարույր Հայրիկյանի, ներկայանալու խնդիր ունեն, մի մասն էլ ներկայանում են իրենց պաշտոններով: «Ես պաշտոն չունեմ: Պաշտոնը եթե հանում ես, կենսագրություն չկա»,- ասել է Հայրիկյանը, ապա անդրադառնալով թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլ հայտարարելուն՝ ասել է. «Եթե նա իր առաջին քայլն անելիս բարեկիրթ լիներ ու չսպառնար մեզ, որ եթե դուք չմիանաք ինձ, ուրեմն նախագահի մարդիկ եք, այլ դիմեր այն կոչով, որ հետո դիմեց մեզ, ավելի ճիշտ կլիներ»: Այդուհանդերձ, Պարույր Հայրիկյանը համաձայն է նախագահի հիշյալ թեկնածուի հացադուլի պահանջին:
Պարույր Հայրիկյանը նշել է, թե շատերը երջանիկ կլինեին, որ ինքը չառաջադրվեր անգամ կային մարդիկ, որ երբ իմացան ինքն առաջադրվում է` որոշեցին իրենք չառաջադրվել: Ասել է ու եզրակացրել. «Կա՛մ վախեցան, կա՛մ որոշեցին, որ անելիք չունեն»:










































