Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը՝ դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը, որը դատարանի հայցադիմումին ի պատասխան դիմում էր ներկայացրել և խնդրել, որ նախնական նիստը հետաձգվի կամ անցկացվի իր բացակայությամբ: Հայցվոր կողմը չի առարկել և դատարանը որոշել է նախնական դատական նիստը շարունակել պատասխանող կողմի բացակայությամբ:
Դատարանը հայցվոր կողմին հարց է ուղղել, արդյո՞ք չեն ցանկանում հաշտության համաձայնագիր կնքել, «հաշտության համաձայնագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ պատասխանողը հրապարակայնորեն ներողություն կխնդրի և կհերքի իր կողմից տարածած զրպարտող տեղեկությունները, և քանի դեռ նման հայտարարություն պատասխանողի կողմից չի հնչել հայցվորը նշել է, որ պնդում է հայցը»:
Որպես հայցի փաստական հիմք՝ հայցվոր կողմը ներկայացրել է 2012թ. հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկված 2 զինվորական բժիշկների, որոնցից մեկը Վահե Ավետյանը առանց գիտակցության գալու մահացել է: Այդ կապակցությամբ ձևավորվել է Վահե Ավետյան շարժումը, որը պահանջում է պատժել բժիշկ Վահե Ավետյանի սպանության համար բոլոր մեղավորներին, նշված հանգամանքների կապակցությամբ Ռ. Հայրապետյանը 2012թ. օգոստոսի 11-ին, «Նուվել դը Արմենի» ամսագրում հարցազրույց է տվել, որի ընթացքում վիրավորական և զրպարտող արտահայտություններ է թույլ տվել Դավիթ Սանասարյանի հասցեին:
Ի լրումն սկզբնական հայցով ներկայացված դիմումի՝ հայցվոր կողմը հայցի հիմք հանդիսացող լրացնելու դիմում է ներկայացրել, որտեղ մասնավորապես նշվում է, որ հարցազրույցի մեջ տեղ են գտել նաև զրպարտություն պարունակող այլ արտահայտություններ, դրանք են՝ «Դավիթը վախեցրել և ահաբեկել է ինձ և իմ ընտանիքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա ընտանիքի անդամներին:
Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստերի իրականությանը համապատասխան ապացուցման բեռն ընկնում է պատասխանող կողմի վրա՝ անհրաժեշտ է համարել դատական նիստը հետաձգել, ինչպես նաև տվյալ դիմումը հայցին լրացնելու վերաբերյալ, պատասխանողին տրամադրելու և դատարան հրավիրելու պատճառով:
Նախնական դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 7-ը:
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:









































