Հունվարի 21-ին Գերմանիայում Coca-Cola-ի աշխատակիցները սկսելու են գործադուլ՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Ինչպես հաղորդում է Spiegel-ը՝ վկայակոչելով երկրի սննրի արտադրության աշխատակիցներին միավորող NGG արհմիության պաշտոնական հաղորդագրությունը, մի քանի ժամով դադարեցվելու է ընկերության տեղի գործարանների աշխատանքը:
Բողոքի ակցիաներ անցկացվելու են Բավարիայի և Բադեն Բյուրթեմբերգի Coca-Cola-ի ձեռնարկություններում:
Ակնկալվում է, որ երեքշաբթի և չորեքշաբթի գործադուլներ են անցկացվելու նաև Բեռլինի և Բրանդենբուրգի գործարաններում:
Coca-Cola-ի գերմանական գործարաններում, ընդհանուր առմամբ, աշխատում է 10.6 հազար մարդ: NGG կարծում է, որ մեկ տարվա ընթացքում նրանց աշխատավարձը պետք է բարձրացվի 6%-ով:
Իր հերթին, Coca-Cola-ի մենեջմենթն առաջարկում է առաջին տարում աշխատավարձները բարձրացնել 2.5%-ով, իսկ հաջորդ տարում՝ ևս 2%-ով: Դրա փոխարեն ընկերությունը նախատեսում է աշխատաժամերը դարձնել ավելի ճկուն, սակայն դա կհանգեցնի նրան, որ որոշ աշխատակիցներ կաշխատեն նաև շաբաթ օրերին:
Կողմերը դեռևս համաձայնություն ձեռք չեն բերել վճարումների պայմանների շուրջ: Կողմերի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հունվարի 30-ին:









































