Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր և ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ջոն Քերիի հանդիպումը տեղի կունենա փետրվարին` կա´մ Թուրքիայում, կա´մ Վաշինգտոնում: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:
Դավութօղլուն հայտարարել է, որ նոր վարչակազմի նշանակմամբ Վաշինգտոնից ակնկալում է Մերձավոր Արևելքի և Սիրիայի զարգացումների ավելի արդյունավետ դիրքորոշում:
Դավութօղլուի փոխանցմամբ՝ մոտ ապագայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է Վաշինգտոն այցելի:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ-ի ուշադրության բավարարության մասին հարցին պատասխանելով՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ողջ միջազգային հանրությունն է խուլ այս հարցում:
«ԱՄՆ-ը, որոշ հարցերին ուղղված, ակտիվ քայլեր է ձեռնարկում, սակայն նույնը չի կարելի ասել Սիրիայի պարագայում»,- ասել է Դավութօղլուն և հավելել, որ ԱՄՆ-ի քաղաքականության վրա հավանաբար ազդել են 2012-ի նոյեմբերին անցկացված նախագահական ընտրությունները:
«Միջազգային խնդիրները չեն կարող սպասել ընտրական օրացույցներին»,- ասել է արտգործնախարարը:







































