Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիպուկահարների կրակոցները արդեն 19 տարի է` սովորական երևույթ են դարձել: Կողմերը սպասում են կրակի վերջնական դադարեցմանը` գրում է Los Angeles Times-ը։
Լրագրող Քերոլ Ջ. Ուիլյմասի կարծիքով՝ վերջին շաբաթներին կրակոցներն ու սադրանքները ավելի չարագույժ են դարձել։ Լրագրողի խոսքերով՝ երկու կողմերն էլ անվերապահ հաղթանակի կոչեր են անում։ Սա ամենամոլեգին հակամարտություններից մեկն է աշխարհում` նշել է Ուիլյամսը։
Փետրվարին կլրանա սումգայիթյան ջարդերի 25 տարին: Պաշտոնական տվյալներով` Սումգայիթում ադրբեջանական ազգայնամոլները սպանել են 31 հայի։ Ուիլյամսի կարծիքով՝ դա ադրբեջանցիների դժգոհության ագրեսիվ դրսևորումն էր։
Լրագրողը կարծում է, որ սումգայիթյան ջարդերի տարելիցը, Հայաստանում նախագահական ընտրությունները և Ղարաբաղում սիրիահայերի բնակեցումը կարող են հանգեցնել նոր արյունալի բախումների։
Հոդվածագրի կարծիքով՝ ԼՂ կարգավիճակի վերջնական հաստատմանը խանգարում է այն հանգամանքը, որ երկու կողմերին էլ չի բավարարում առկա ստատուս-քվոն, այսինքն` ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, սակայն Հայաստանի վերահսկողության տակ։ Ուիլյամսը նշում է, որ կողմերից ոչ մեկը չի գնում խորհրդանշական որևէ զիջման։
Լրագրողը կարծում է, որ հակամարտությունը բորբոքել է դեռ Ստալինը, որը ԼՂ-ն միացրել է Ադրբեջանին` գործելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Այս հանգամանքը գրգռել է ազգայնամոլական կրքերը։
International Crisis Group-ի փորձագետ Լորենս Շիթսի կարծիքով՝ ԼՂ-ն կարևոր առևտրային միջանցք է ոչ միայն էներգակիրների, այլև ծովային տրանսպորտի և այլ ոլորտների համար։ Այս տարածքում են հատվում Եվրոպան և Ասիան, և եթե բախում լինի, ապա այն կազդի ամբողջ տարածաշրջանի վրա։ Ահա թե ինչու ԼՂ-ն այդքան կարևոր է երկու կողմերի համար էլ` եզրակացնոմ է Ուիլյամսը։
Ամերիկյան նավթային ընկերությունները ներդրումներ են կատարում Ադրբեջանում, իսկ ամերիկահայերը էմոցիոնալ կապ ունեն Հայաստանի հետ, մինչդեռ ՌԴ-ին անհրաժեշտ է խաղաղություն պահպանել, որպեսզի կարողանա օգտագործել Կասպից և Սև ծովերը` նշում է հոդվածագիրը։
Թուրքիան էլ հայտնում է իր դիրքորոշումը. այդ երկիրը պատրաստ է կապեր հաստատել Հայաստանի հետ, սակայն` ԼՂ-ն Ադրբեջանին զիջելու պայմանով։
Ուիլյամսի կարծիքով՝ պատերազմի վերսկսումից չի շահի կողմերից ոչ ոք, սակայն վեճը երբեմն հասնում է հիստերիայի։ Երկուշաբթի օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է համարել սիրիահայերի` ԼՂ-ում բնակեցումը, որը, ըստ նրա, կխարխլի ժողովրդագրական պատկերը։
ԼՂ-ի մշտական ներկայացուցիչը Վաշինգտոնում իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը քաղաքականացնում է մարդասիրական օգնությունը` Հալեպի ռմբակոծումներից փրկվածներին ապաստանի տրամադրումը։ Ըստ պարբերականի՝ Հալեպում ապրում է մոտ 80 000 հայ, սակայն ԼՂ-ում, նրա խոսքերով, ընդամենը 30 սիրիահայ ընտանիք է ապաստանել։











































