Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում երեկ տեղի ունեցավ Tata Steel շախմատային փառատոնի 7-րդ տուրը: A խմբում է ընդգրկված մեր ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը երեկ սև խաղաքարերով մրցում էր ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ, չկարողացավ առավելության հասնել մրցակցի հանդեպ՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Կարյակինը մրցավեճից հետո խոսել է պարտիայի մասին՝ նշելով, որ մի կերպ է խույս տվել պարտությունից:
«Շատ բարդ պարտիա էր: Մեկնարկին մի քանի պլան եմ փոխել: Մտածում էի՝ իմ խաղաքարերի դիրքն ավելի լավն է, բայց լրիվ հակառակը պարզ դարձավ: Մի քանի հիանալի քայլից հետո(օրինակ՝ 19. d3) Լևոնն ահռելի առավելություն ստացավ: Գուցեև կարող էի ավելի լավ պաշտպանվել, բայց այնպես, ինչպես խաղացի, պարտության տանող պարտիա էր: Գործնականում պատրաստ էի հանձնվել, բայց երբ զգացի, որ այնքան վատ վիճակ չէ, որքան ես եմ պատկերացնում, որոշեցի շարունակել ու չպարտվել»,- ասել է Կարյակինը:







































