Այսօր իրենց վարկանիշով առաջին շարքում են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ երկրորդ շարքում՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարՐաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ առաջին նախագահԼևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին և կարծիքներին, թե դա հայտ էր 2018թ. նախագահական ընտրությունների մասնակցության:
Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանությամբ՝ իր ամբողջ հայտարարության պաթոսը նրանում էր՝ իբր նա դեռ ունի այն ներուժը, որը նախկինում ուներ, որ նրա վերադարձը միայն նրա ցանկության խնդիրն է, նա այնքան մեծահոգի է, որ թույլ է տալիս իրենից ավելի ցածր մակարդակում գտնվող քաղաքական գործչին ինչ-ինչ պատճառներով մնալ իշխանության: Սակայն, սոցիոլոգի համոզմամբ, դա այդպես չէ: Նրա համոզմամբ՝ այդ ժամանակներն անցել են, երբ մեկ դեմքն էր որոշում՝ ինքը կդառնա՞ նախագահ, թե՞ ոչ:
«Հիմա բավականին լուրջ հենարան պետք է ունենալ թե՛ ՏԻՄ-ում, թե՛ նախարարների, թե՛ պատգամավորների, ունևոր դասի շրջանում, որպեսզի աջակցեն քեզ: Իսկ նա փորձում է լավ դեմք ընդունել վատ խաղի պայմաններում: Նրա վարկանիշը բավականին ընկած է, իսկ վերականգնման համար ժամանակ է պետք: Հասարակության կողմից նրա ընդունվելը պայմանավորված է նրանով,թե որ ուժը նրան կաջակցի, և նա ինչէ խոստանում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ շարունակելով, որ երբ ՀՀ-ից պահանջվում էր բազեատիպ կառավարիչ, նա բավականին լավ էր դիտվում այդ վիճակում, նրա այդ կեցվածքը բավականին ամրապնդեց ՀՀ դիրքերը, և ՀՀ-նունեցավ լուրջ տնտեսական աճ, մարդիկ հավատացին, որ կա կայուն իշխանությունև կարելի է այդ իշխանության հետ աշխատել:Սակայն, սոցիոլոգի կարծիքով, քանի որ այսօր խոսվում է ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծման մասին, պետք է ոչ բազեատիպ, ոչ էլ աղունիկի կեցվածք ունեցող նախագահ: Իսկ վերոնշյալ միջին կեցվածքում, Ադիբեկյանի խոսքով, Սերժ Սարգսյանն է:











































