«Դեկտեմբերի 31-ին ջերմաստիճանը մեկ աստիճանով կնվազի, ամսի 1-ին` ևս մեկ- երկու աստիճանով, իսկ ամսի 2-ին և 3-ին հանրապետության տարածքում սպասվում են թույլ տեղումներ: Սակայն այդ տեղումները կլինեն շատ թույլ: Իսկ Արարատյան դաշտում սպասվում է անձրևի տեսքով տեղումներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա նաև նշեց հունվար ամսին կանխատեսվում է, որ նորմայից երկուսից երեք աստիճան տաք կլինի: «Ամենացուրտ ամիսը հանրապետությունում հունվարն է: Արարատյան դաշտում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է 3-4 աստիճանի սահմաններում: Այս տարի կանխատեսվել է 2-3 աստճանով տաք, այսինքն` միջին ամսական ջերմաստիճանը կլինի -1, -2 աստիճան: Շատ տաք հունվարներ գրանցվել են, հատկապես 1966 թվականի հունվարը»:
Հունվարի առաջին հնգօրյակում ձյուն չի լինի Արարատյան դաշտում և հովտային շրջաններում, իսկ լեռնային շրջաններում ամսի 2-3-ին ձյուն է սպասվում: «Ամսի 6-ից հետո բավականին ինտենսիվ պրոցեսներ են սպասվում: Հունվարին տեղումների քանակը կանխատեսվել է նորմայից մի քիչ բարձր: Ձմեռային եղանակ է սպասվում»: