ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, պարզվում է, բավականին հայրենասեր մարդ է. նա իր խնայողությունները վստահել է ոչ թե հայկական բանկերին, այլ՝ ամերիկյան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հայրիկյանը միանգամից 3 ամերիկյան բանկերում՝ «Սիթի բանկ»-ում, «Բանկ օֆ Ամերիկա»-ում և «Բարկլեյս բանկ Դելվեր»-ում, ավանդ է ներդրել և դրանցից ստացել է 50 հազար դոլար փոխառության գումար: Հայրիկյանը ևս 360 հազար դրամ եկամուտ ստացել է կենսաթոշակային հիմնադրամից՝ որպես կենսաթոշակ:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ Հայրիկյանի բանկային խնայողությունները կազմել են 20 հազար 198 դոլար և 120 հազար դրամ:
Հայտարարագրից պարզվում է նաև, որ Հայրիկյանը կինոման է կամ ավելի ճիշտ՝ կինոբիզնեսի գիտակ. նա բաժնետոմսեր ունի Հոլիվուդի հնագույն կինոընկերություններից մեկում՝ Metro-Goldwyn-Mayer (MGM) ընկերությունում (0.0001%): Սակայն տարօրինակ է, որ նախագահի թեկնածուն դրանցից ստացված եկամուտը չի հայտարարագրել:
Պ. Հայրիկյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Երևանի Դավթաշեն համայնքում կիսակառույց շինություն (53.6 քմ) և հողամաս (0.229 հա), Կոտայքի Գողթ համայնքում՝ կիսակառույց շինություն (214.4 քմ) և 2 հողամասեր (0.15-ական հեկտար մակերեսով), Գեղարքունիքի Փամբակ համայնքում՝ շինություն (77 քմ) և հողամաս (0.24 հա):
Հայրիկյանն ունի «Ջիփ Լարեդո» մակնիշի ավտոմեքենա (2003թ.): Ըստ հայտարարագրի՝ չունի որևէ թանկարժեք գույք (8 մլն դրամը գերազանցող):






































