ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչությունում ուսումնասիրվել են «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 206.05.2011թ. NԱԺՈ-277-Ն որոշման 2011թ. ընթացքում կիրառման կապակցությամբ նախաքննության և հետաքննության մարմինների, դատարանների կողմից կայացված որոշումների, դրանց վերաբերյալ քրեական գործերի վերանայման նպատակահարմարության, այդ որոշումների հնարավոր վերացման կամ բողոքարկման, համաներման որոշման կիրառման ընթացքում թույլ տրված թերությունների, բացթողումների և խախտումների դեպքում մեղավոր անձանց նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների արդյունքները:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքներով նշված գործընթացի շրջանակներում հայտնաբերված խախտումները տեսակավորվել են ըստ խմբերի.
• նախաքննական մարմինների ու դատարանների կողմից ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացվող պահանջագրով անձի` նախկինում ունեցած դատվածության, նրա նկատմամբ նախկինում համաներման կիրառման փաստերի պատշաճ կերպով չստուգելը,
• նախաքննության մարմինների կողմից համաներման որոշման կիրառմամբ համապատասխան որոշումներ կայացնելու պահին հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցված չլինելը,
• դատարանների` դատապարտյալների նկատմամբ նշանակված ազատազրկման և պայմանական չկիրառված պատժաչափի չկրած մասը ¼-ով կրճատելու, այսինքն` համաներման 8-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու փոխարեն կիրառել են համաներման որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի արդյունքում կայացված որոշմամբ դատապարտյալներն անհիմն ազատվել են պատժի կրումից,
• դատարանները համաներման որոշումը կիրառելու մասին որոշումների մեջ հստակ չեն նշել այն հանգամանքը, որ դատապարտյալներն ազատվում են միայն հիմնական պատժի կրումից, իսկ լրացուցիչ պատիժը շարունակում են կրել:
Իրականացվել է 10 կարգապահական վարույթ և 10 ուսումնասիրություն, որի արդյունքներով 9 դատախազի նկատմամբ նշանակվել են կարգապահական տույժեր, իսկ 19 դատախազ խիստ նախազգուշացվել և նրանց ուշադրությունը հրավիրվել է համաներման որոշման կիրառման ընթացքում նրանց կողմից թույլ տրված թերությունների, բացթողումների և խախտումների վրա` անհրաժեշտ հետևություններ անելու և այսուհետ դրանք բացառելու համար:






































