Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ուլիս»-ի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
«Առաջնության 15-րդ տուրի հանդիպումներից հետո ընդմիջում հայտարարվեց, ու ինչպես և մյուս ակումբները «ՈՒլիս»-ն էլ մեկնեց արձակուրդ:
Մեր թիմը մարզումները ծրագրել է վերսկսել հունվարի 15-ից: Նախատեսվում է անցկացնել նաև ուսումնամարզական հավաքաներ արտասահմանում: Ամենայն հավանականությամբ, այդ հավաքաների ընթացքում փորձարկվելու են նոր ֆուտբոլիստներ: Ակումբի ղեկավարությունը նախատեսել է լուրջ ձեռքբերումներ ունենալ, և այդ նպատակը անփոփոխ է: Ճիշտ է՝ առաջնության վերջին երեք տուրերում թիմը անընդմեջ պարտություններ կրեց, սակայն «ՈՒլիս»-ը առաջնության միանձնյա առաջատարն է, և բոլոր աշխատանքները ուղղվելու են այդ դիրքը պահպանելու համար:
Չի բացառվում, որ «Ուլիս»-ը նոր «դեմքով» կներկայանա առաջնության երկրորդ հատվածում: Թիմի կազմում նախատեսվել և նախատեսվում են փոփոխություններ: Սակայն դա չի նշանակում, որ «ՈՒլիս»-ը ֆինանսական վատ վիճակում է:
Ակումբի աշխատակազմը նոյեմբերի աշխատավարձը կստանա մոտակա երեք օրվա ընթացքում, իսկ ֆուտբոլիստները վաղուց են ստացել իրենց հասանելիք գումարները:
Այնպես, որ «ՈՒլիս»-ը, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, հեռու գնացող նպատակներ ունի և ամեն ինչ անփոփոխ է»:
«ՈՒլիս» ՖԱ
Մամլո քարտուղարություն








































