«Սարգսյանը պետք է հետևի Լուկաշենկոյի օրինակին»,- այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքական փորձագիտական խմբի (Մոսկվա) ղեկավար Կոնստանտին Կալաչյովը՝ անդրադառնալով նախօրեին Մոսկվայում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի արդյունքներին:
Փորձագետը փորձեց պարզաբանել, թե ինչու ՀԱՊԿ-ը տարածեց հայտարարություն՝ անդրադառնալով նաև ԼՂ հակամարտությանը: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանը կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի վրա, թեև մյուս կողմից՝ չնայած ՀԱՊԿ-ը միտված է ապահովելու ՀԱՊԿ երկրների ընդհանուր անվտանգությունը, Ռուսաստանն էլ Հայաստանի ամենամտերիմ գործընկերն է, Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունները որևէ մեկը չեղյալ չի հայտարարել: «Բացարձակապես ակնհայտ է, որ ամենաքիչը կոնֆլիկտի սրմամբ շահագրգռված է Ռուսաստանը: Հայաստանը կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի վրա, բայց կարևոր է, որ սրման դեպքում պարզ լինի, որ խոսքը սադրված ագրեսիայի մասին չէ»,- ասաց Կալաչյովը:
Անդրադառնալով երեկ ՀԱՊԿ նիստին հաջորդած ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ասուլիսին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բոցաշունչ ելույթին՝ նա ասաց, որ իրականում Ռուսաստանի և Բելառուսի միջև տարաձայնություններն այնքան խոր չեն: Ըստ նրա՝ պարզապես Բելառուսն ակնհայտորեն պատրաստ չէ կրտսեր եղբոր կամ վասալի դերին, այլ ցանկանում է դառնալ Ռուսաստանի հավասարազոր գործընկերը՝ քաղելով Ռուսաստանի ներկայիս իրավիճակից հնարավոր բոլոր օգուտները:
«Թեև Լուկաշենկոն ասաց, որ պարզել է՝ Պուտինը տեղյակ չէր ռուսական շուկա բելառուսական որոշ ապրանքների նկատմամբ արգելանքների մասին, ճիշտ քայլ իրականացրեց՝ ասելով, թե դրանք կամայական արգելանքներ են եղել՝ ցույց տալով, թե իրականում Պուտինը դեմ է Բելառուսի դեմ կիրառված այդ միջոցներին: Կան իսկապես շատ լուրջ տարաձայնություններ՝ կապված նրա հետ, որ ցանկանում էր հակապատժամիջոցներից և պատժամիջոցներից օգուտներ քաղել, իսկ Ռուսաստանը պատրաստ չէ աչքերը փակել այդ հանգամանքների վրա, զոհաբերել. գուցե դրանում էր ողջ իմաստը»,- մեկնաբանեց Կալաչյովը՝ շարունակելով, թե Ռուսաստանը հարգում է յուրաքանչյուր երկրի դիրքորոշումը:
Նա նշեց, որ Հայաստանի դեպքում ամենակարևորն այն է, որ Հայաստանը ցանկանում է հասանելիություն ոչ այնքան ռուսական շուկա, որքան քաղաքական արտոնություններ եվրասիական երկրներից:
«Ի վերջո, իրականում Հայաստանին Ռուսաստանից տնտեսական արտոնություններ պետք չեն, անհրաժեշտ են քաղաքական արտոնություններ և այն, որ Ռուսաստանի երաշխիքները շարունակելու են ուժի մեջ մնալ Հայաստանի համար: Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին երաշխիքներ են տալիս Հայաստանին այն մասին, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվի Ադրբեջանի կողմից ուժի գործադրմամբ: Եթե Ադրբեջանը ցանկանա սկսել նոր պատերազմ, ապա Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին երաշխավորում է Ռուսաստանի աջակցությունը: Ես կարծում եմ, որ հայկական կողմը կարող է ռուսական կողմից պահանջել, որպեսզի Ադրբեջանին զենք չվաճառի:
Ի՞նչ է անում Լուկաշենկոն: Նա բարդ և անհարմար կերպար է: Կա և Սերժ Սարգսյանի պահվածքի ուղղություն, և Լուկաշենկոյի: Ո՞վ է նրանցից ավելիին հասնում իր երկրի համար: Իմ կարծիքով՝ ավելիին հասնումէ Լուկաշենկոն: Չեմ ցանկանում քննադատել Սարգսյանին, բայց ինձ թվում է, որ Լուկաշենկոն իր երկրի համար ավելի արդյունավետ է գործում, քանի որ նա իր պահանջներն է ներկայացնում Ռուսաստանին: Մատուցված ծառայությունը ծառայություն չէ: Շատ հաճախ ի սկզբանե ձեռքբերված նվիրվածությունը պակաս արժեք ունի, քան այն, որը գնվել է բարձր գնով: Այս իմաստով Սերժ Սարգսյանն ինչ-որ առումով պետք է օրինակ վերցնի Լուկաշենկոյից»,- նման տեսակետ հայտնեց Կ. Կալաչյովը:











































