Երբ անցյալ շաբաթ ռուբլու աննախադեպ արժեզրկումից ընդամենը րոպեներ անց նույն թափով սկսեց արժեզրկվել նաև հայկական դրամը, ՀՀ քաղաքացիների համար հերթական անգամ շատ ցավոտ կերպով ամրագրվեց այն իրողությունը, որ Ռուսաստանի տնտեսությունում կատարվող ցանկացած բացասական զարգացում նույնքան, եթե ոչ ավելի մեծ հզորությամբ հարվածում է նաև Հայաստանի տնտեսությանը: Իսկ որ Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումները առաջիկայում էլ ավելի են խորանալու` կարելի է չկասկածել` հաշվի առնելով նաև այն, որ արևմտյան պատժամիջոցների, այդ թվում և օրերս ԱՄՆ-ի և Կանադայի կողմից սահմանված վերջին փաթեթի իրական ազդեցությունը դեռ նոր է ամբողջովին զգալի դառնալու ռուսական տնտեսության համար:
Կդիմանա՞ արդյոք ռուսական տնտեսությունը` դժվար է ասել: Ինքը` Պուտինը, իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե «ընդամենը երկու տարուց պլյուսով դուրս կգան այս իրավիճակից», մինչդեռ նրա ընդդիմախոսները հավաստիացնում են` երկու տարին այն ժամկետն է, որի ընթացքում ռուսական տնտեսությունը վերջնականապես փլուզվելու է: Սա չափազանց մտահոգիչ կանխատեսում է Հայաստանի համար, որն այդ դեպքում պարզապես կարող է մնալ ռուսական տնտեսության փլատակների տակ:
Ինչ պետք է անել նման հեռանկարից խուսափելոււ համար: Այս հարցի շուրջ ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում բանավիճում են «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը և ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը:







































