Մենք տեղեկացրել էինք, որ Կոտ դ’Իվուարի ընտրված նախագահ Ալասանա Ուատտարայի կողմնակիցները շրջապատել են երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանը և այսօր պատրաստվում են վճռորոշ ճակատամարտ տալ երկրի նախկին նախագահ, նախագահի պաշտոնը բռնազավթած Լորան Գբագբոյին պաշտպանող ուժերի դեմ: Աճող լարվածության ֆոնին օտարերկրյա ներկայացուցչություններն ու միջազգային կազմակերպությունները որոշում են կայացրել Աբիջանից տարհանել իրենց քաղաքացիներին, քանի որ այնտեղ մնալն այլևս անհնար է: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Կոտ դ’Իվուարը արդեն լքել են 1 միլիոնից ավելի իվուարցիներ: Ավելացել են հարձակումները ՄԱԿ-ի ներկայացուցիչների վրա: Նախօրեին 4 խաղաղապահներ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Ապրիլի 2-ին ՄԱԿ-ի 1 աշխատակցուհի զոհվել էր Գբագբոյի կողմնակիցների հարձակման հետևանքով:
Գբագբոյի կողմնակիցները, որոնք հիմնականում Հանրապետական գվարդիայի անդամներն են, երդվել են մինչև վերջ մնալ Գբագբոյի կողքին և պայքարել մինչև արյան վերջին կաթիլը: Գբագբոյի կողմնակիցների թվում են նաև «Երիտասարդ հայրենասերներ» խմբի անդամները: Հնարավոր է՝ առաջիկա ժամերին հիմնական բախումների վայր դառնա նախագահական նստավայրն Աբիջանում: