Հունվարի 18-ին, դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի նոր կառավարության անդամների հետ հանդիպումների շարքում առաջինը տեսակցել է էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ: Հանդիպումն անցել է ջերմ և գործնական մթնոլորտում, ուր դեսպանը Հայաստանի կառավարության անունից շնորհավորեց ռումինահայ նախարարին նշանակման կապակցությամբ և հույս է հայտնել, որ Ոսկանյանն իր այս կարևոր դիրքում կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի առավել զարգացմանը և խորացմանը:
Այնուհետև հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք կարևորություն է տրվել տնտեսության բնագավառում համագործակցության խորացմանը, քննարկվել փոխգործակցության առկա ձևաչափերը և ուրվագծվել հեռանկարները: Հաշվի առնելով, որ Ռումինիայի նոր կառավարության կազմում այսուհետև Ոսկանյանն է գլխավորելու հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովը, զրուցակիցներն անդրադարձ կատարեցին 2011թ. մարտին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի Արձանագրությամբ նախանշված գործողությունների և ծրագրերի իրագործման ընթացքին և քննարկվել են ընթացիկ տարում Երևանում նախատեսված 4-րդ նիստին առնչվող հարցերը:
Համագործակցության հնարավոր ուղղությունների առումով, ուշադրության են առնվել վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2011թ. սեպտեմբերին Բուխարեստ կատարած այցի ընթացքում արված առաջարկները, որոնք ընդգրկում են ՏՏ, քիմիական արդյունաբերության, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտները:
ՀՀ ԱԳՆ մամուլի գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երկու երկրների միջև գրանցված տնտեսական ակտիվությունը գնահատելով ոչ բավարար և առկա հնարավորություններից ցածր, զրուցակիցները նախանշեցին փոխգործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը, մասնավորապես, Միջկառավարական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների ակտիվացում, Զարգացման Հայկական գործակալության և Ռումինիայի առևտրի և օտարերկրյա ներդրումների զարգացման կենտրոնի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրում, առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խրախուսում, բիզնես ֆորումների անցկացում, ցուցահանդեսներին և տոնավաճառներին փոխադարձ մասնակցություն, հնարավոր փոխադարձ ներդրումների հայտնաբերում և խրախուսում:
Այս առումով լրացուցիչ օղակ է համարվել նաև երկու երկրների միջև անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հնարավորությունները:
Կողմերը շոշափել են նաև միջազգային տնտեսական կառույցներում համագործակցության հարցեր:






































