Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել երեկ երեկոյան մահկանացուն կնքած հայտնի թուրք լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի ընտանիքին: 1news.az-ի փոխանցմամբ՝ վարչապետը բարձր է գնահատել Բիրանդի գործունեությունը` որպես պրոֆեսիոնալ լրագրող:
«Ես շատ եմ ցավում, որ Թուրքիան նման տաղանդավոր լրագրող կորցրեց»,- ասել է վարչապետը:
Չնայած հնարավոր բժշկական միջամտությանը` Բիրանդը մահացել է երեկ, տեղի ժամանակով ժ. 18.30-ին: Լրագրողի մահվան մասին հայտնել է նրա որդին՝ Ումիդ Բիրանդը:
Նշենք, որ Բիրանդը Ստամբուլում Ամերիկյան հիվանդանոց էր տեղափոխվել չորեքշաբթի՝ լեղապարկում ստենտի տեղադրման վիրահատության համար: Բացի այդ, նա խնդիրներ է ունեցել նաև սրտի հետ:
Նա եղել է առաջին թուրք լրագրողը, ով ՀՀ անկախության հռչակումից կարճ ժամանակ անց հարցազրույց վերցրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից: Բիրանդը բազմիցս քննադատել է Թուրքիայի իշխանություններին Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության համար:










































