«Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հրաժարվել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ հեռուստաբանավեճից: Այս մասին հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Բանավեճը պետք է տեղի ունենար հունվարի 16-ին՝ Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում: Հաշվի առնելով հասարակության հետաքրքրվածությունը՝ ֆինանսների նախարարությունը դիմել է Հանրային հեռուստաալիքին՝ խնդրելով Խադուրիի և Մերաբիշվիլիի բանավեճն անցկացնել հունվարի 18-ին՝ ընդլայնված ձևավաչափով՝ այնպես, որ դրան կարողանան մասնակցել Վրաստանի բոլոր հեռուստաալիքների թոք-շոուների հաղորդավարները:
«Եթե Վանո Մերաբիշվիլին այս անգամ ևս հրաժարվի ֆինանսների նախարարի հետ բանավեճին մասնակցելուց, դա ևս մեկ անգամ կհաստատի, որ «Միացյալ ազգային շարժման» նպատակը վրացական հասարակությանը և համաշխարհային հանրությանն ապատեղեկացնելն է՝ անպատասխանատու, հակապետական հայտարարություններ տարածելով»,- նշվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:










































