Երիտասարդ գիտնականների միակ խնդիրն այսօր ֆինանսավորման պակասն է: Նրանք բազմաթիվ ծրագրեր ունեն իրագործելու, սակայն, ամսական 50-60 հազար դրամ վարձատրվելով՝ չեն կարողանում անել այդ ամենը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի նախագահ Խաչիկ Գևորգյանն ասաց, որ 2013-ին պետք է շարունակեն աշխատել մասնավոր սեկտորի, հիմնադրամների, անհատ ձեռներեցների և նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ նրանց էլ իրենց խոսքը փոխանցեն, որպեսզի վերջիններն էլ ֆինանսավորման ծրագրեր իրականացնեն.
«Բնականաբար, նաև շարունակվելու է այն շարժման գործունեությունը, որը պահանջելու է, որ գիտության ֆինանսավորումը բարձրացվի պետական մակարդակով, այսինքն՝ պետական աջակցություն լինի, որ այդ ոլորտում էլ կարողանանք զարգացում տեսնել: Դրա համար պետական սեկտորից և քաղաքական ուժերից, իշխող և ընդդիմադիր կուսակցություններից միշտ պահանջելու ենք, որ այս հարցին մեծ ուշադրություն դարձնեն։ Կարծում եմ, այս պահանջատիրական ֆոնը պետք է պահել: Ես հուսով եմ, որ այս տարին օրենսդրական նախաձեռնությունների տարի է լինելու:
Ընդհանրապես գիտության խնդիրները լուծող, հեշտացնող և կարգավորող մի քանի օրենքներ կան, օրինակ՝ գիտական փորձաքննության մասին օրենքը, նաև տարբեր մաքսային արտոնություններ տրամադրելը գիտական հաստատություններին՝ սարքավորումներ և նյութեր ներկրելու համար»:
Խաչիկ Գևորգյանը նաև նշեց, որ գիտնականների համար եվրոպական երկրներ այցելելու հեշտացված կարգ կլինի, ինչը շատ ողջունելի է, բայց այն, որ իրենք ամսական ստանում են 50-60 հազար դրամ աշխատավարձ՝ գործունեությունը լիարժեք իրականացնել թույլ չի տալիս:
Ըստ Գևորգյանի՝ երիտասարդ գիտնականների աշխատավարձը պետք է լինի 300-700 հազար դրամ. «Այս ուղղությամբ մենք փորձում ենք ինչ-որ քայլեր անել, մի շարք քաղաքական ուժեր այդ հարցը բարձրաձայնում են խորհրդարանում: Իհարկե, արվում է այդ ուղղությամբ ինչ-որ բան, իսկ կլինի առաջընթաց, թե ոչ՝ դեռ հայտնի չէ: Քաղաքական ուժերն էլ են անդրադառնում՝ շարժ կա, բայց արդյունքը պետք է լինի աշխատանքի գնահատման չափանիշը: Գեղեցիկ խոսքեր են հնչում, քննարկումներ են լինում, բայց ֆինանսավորում, որպես այդպիսին, չի եղել»:
Խնդրի առկայությունը կիսեց նաև Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհրդի անդամ, ՊԳՖԱ-ի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը: Նա նշեց, որ հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորումը 0.27 տոկոս է, բայց դա շատ քիչ է, այդ տեմպերով գիտությունը զարգացում չի ապրի «Եթե այսպես շարունակվի, մենք մի 15-20 տարի հետո կհասնենք եվրոպական միջինին, իսկ մինչ այդ միգուցե Հայաստանում գիտնական էլ այլևս չմնա, որովհետև ահռելի տեմպերով արտագաղթում են: Մենք աշխատելու ենք Ազգային ժողովում տարատեսակ հարցեր բարձրացնել, որ բյուջեով այդ հարցը կարգավորվի: Մենք պատրաստվում ենք նաև աշխատել նախագահի թեկնածուների հետ, նրանք իրենց ծրագրերում պետք է մեր ոլորտին վերաբերող համապատասխան կետեր ներառեն: Կարևոր չէ՝ այդ թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: Կարևոր է, որ գիտության դերը Հայաստանում բարձրացվի, որպեսզի ցանկացած քաղաքացի, որը նույնիսկ գիտության հետ ոչ մի կապ չունի՝ զգա, որ երկրի ապագա նախագահը կարևորում է այդ հարցերը: Բնականաբար, աշխատանքներ կտարվեն, որ այդ խոսքերը չմնան թղթի վրա և օդի մեջ»:
Արթուր Մովսիսյանի կարծիքով՝ տասնհինգ տարի հետո մենք միգուցե հասնենք նորմալ երկրի մակարդակի, բայց այդ ժամանակ մենք այլևս երիտասարդ գիտնականներ չենք ունենա:








































