Դալայ լաման մոլորակի վրա առանցքային պայման է նշել մտքի խաղաղվածությունը, միայնակ և այլոց հաշվին երջանկության անհնարինութան ընկալումը, էմոցիաները կառավարել կարողանալը, սերը, կարեկցությունը և համբերատարությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Յուրաքանչյուրի պատասխանատվությունը
«Ամեն տարի հավաքվում է Նոբելյան դափնեկիրների կոմիտեն, ես նույնպես մասնակցում եմ այդ հավաքներին, որտեղ մենք խոսում ենք խաղաղության մասին: Աշխարհը վերջնական արդյունքում հանգում է մտքում խաղաղության: Եթե միտքը լի է կրքերով, զայրույթով, ապա շատ դժվար է խաղաղության հասնել մոլորակում: Երկրի ամեն մի բնակիչ պատասխանատու է այդ աշխարհի համար: Եթե մենք մտածում ենք միայն մեր մասին, մենք չենք կարողանա երջանիկ ապրել: Իսկ մյուսները ավելի շատ են՝ 7 մլրդ»,- ռուս բուդդայականների համար դասերի ժամանակ ասել է Դալայ լաման, որը 25 տարի առաջ է ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակ:
Նրա խոսքով՝ բոլոր կենդանի արարածները, ընդհուպ մինչև կենդանիներ, չեն ցանկանում տառապել ու ցանկանում են երջանիկ լինել: Սակայն կենդանիներն ի վիճակի չեն գործի դնել իրենց խելքը այն աստիճանով, ինչպես մարդը, և նրանք հիմնականում ձգտում են զգայական հաճույքների:










































