Լոնդոնի կենտրոնում Agusta-109 ուղղաթիռի վթարի հավանական պատճառներից մեկը կարող է լինել տեխնիկական անսարքությունը, հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը:
Մեծ Բրիտանիայի օդային պատահարների հետաքննության ծառայության տվյալներով՝ դիսպետչերները օդաչու Փիթեր Բարնսի հետ ռադիոկապը կորցրել են այն բանից առաջ, երբ ուղղաիթռը բախվել է շինարարական կռունկին: Ականատեսների խոսքերով՝ Agusta-109-ը կառավարումը կորցրել է մինչև կռունկին բախվելը:
Նշենք, որ Փիթեր Բարնսը նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմում: Աշխատել է նաև Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում:
Վերջին շրջանում Բարնսը աշխատում էր որպես արտահաստիքային օդաչու RotorMotion ընկերությունում, որի հաճախորդներն են Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, վարչապետ Դևիդ Քեմերոնը, կառավարության նախկին ղեկավար Թոնի Բլեերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 13 մարդ:







































