Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանձնազրույց է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի և ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշալի հետ և տեղեկություն ստացել կոնսենսուսի ձեռք բերմանն ուղղված պաղեստինյան բանակցությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Աբասը Էրդողանին տեղեկություն է հաղորդել պաղեստինյան խմբավորումների միջև վերջերս Կահիրեում կայացած բանակցությունների մասին: Աբասը թուրք վարչապետին տեղեկացրել է, որ ցանկանում է առաջիկայում նրա հետ դեմ առ դեմ հանդիպել:
Խալեդ Մաշալը Էրդողանին է զանգահարել երեքշաբթի գիշերը և տեղեկություն փոխանցել ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների միջև բանակցությունների մասին: Էրդողանը իր ուրախությունն է արտահայտել պաղեստինյան խմբավորումների միջև դրական բանակցությունների առնչությամբ և հիշեցրել, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս պաղեստինցիների միջև կոնսենսուսի ձեռք բերմանը:









































