Չորեքշաբթի Կանադայում հազարավոր հնդկացիներ անցկացրել են Գործողությունների ազգային օր՝ բողոքելով կառավարության դեմ, որը, վարչապետ Սթիվեն Հարփերի գլխավորությամբ, խախտում է իրենց իրավունքները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրանք որոշ ժամանակով կաթվածահար են արել «Ամբասադոր» կամուրջը, որը Վինձորը կապում է ԱՄՆ-ի ավտոճանապարհային մայրաքաղաք Դետրոյթին: Այն համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենածանրաբեռնված սահմանային ուղեկալը:
Հնդկացիները փակել էին նաև Միրամիչի քաղաքի կամրջի երթևեկությունը և Վինեպեգի երկաթուղային ճանապարհները: Ցույցեր են անցել Կանադայի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ նաև Տորոնտոյում՝ Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ:
Ցույցի կազմակերպիչների խոսքերով՝ այս կերպ նրանք ցանկանում են գրավել ոչ միայն կառավարության, այլ նաև բոլոր կանադացիների ուշադրությունը:
Շարժման մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել օրենքների ուղղումները, որոնք հեշտացնում են պահուստային հողերի վաճառքի կամ վարձույթի պայմանները և թուլացնում են շատ գետերի ու լճերի էկոլոգիական վերահսկողությունը: Հնդկացիները Հարփերի կաբինետին մեղադրում են այն բանի համար, որ այդ ուղղումներն առաջարկվել են՝ առանց իրենց հետ խորհրդակցելու:
Սակայն Հարփերը չի պատրաստվում չեղյալ հայտարարել դեկտեմբերին հաստատված ուղղումները: Կանադայի ֆինանսների նախարար Ջեյմս Ֆլաետրին պարզ կերպով հասկացրել է, որ այժմ «ծայրահեղ անցանկալի է», որպեսզի հնդկացիների ցույցերը բացասական ազդեցություն թողնեն երկրի տնտեսության վրա:









































